Դիլիջան։ Քաղաք, որ աշխարհայացք է փոխում


Շունչդ ուղղակի կտրվում է: Այս արտահայտությունը ավելի քան դիպուկ է նկարագրում Դիլիջանի հյուրերին դեռևս դիլիջանյան հայտնի ոլորաններին դիմավորող լեռնային գեղատեսիլ բնապատկերները:

Դեռ քաղաք մուտք գործելու առաջին վայրկյաններից պարզ է դառնում՝ այստեղ անհասկանալի և մոգական մի բան կա: Այսուհետ ժամանակն արագընթաց չէ. վազվզուք չկա և կարելի է, վերջապես, խորհել հավերժական արժեքների մասին:

Բարի գալուստ Դիլիջան: Հայկական փոքրիկ քաղաք, որ բոլոր կողմերից շրջապատված է խիտ անտառներով, փառապանծ լեռներով և մշուշի խորհրդավոր շղարշով ծածկված ձյունապատ գագաթներով: Քաղաք, որը կզարմացնի Ձեզ իր միջնադարյան նեղլիկ փողոցներով, մեզ մինչև բրոնզե դար տեղափոխող հարուստ պատմությամբ, ավանդական արհեստներով, արվեստով, ցանկացած ճաշակի ամենահամեղ խոհանոցով, կոլորիտային և նորաձև հաստատություններով և, իհարկե, նույն հայկական հյուրընկալությամբ: Քաղաք, որ կարող է զարմացնել և իր ասելիքն ունենալ: Քաղաք, ուր ուզում ես վերադառնալ նորից ու նորից: Քաղաք, որ աշխարհայացք է փոխում:

Ազգային պարկի անտառների գրկում. Դիլիջանի ընդհանուր նկարագրությունը


Դիլիջանը տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ Աղստև գետի հովտում: Քաղաքը գտնվում է Երևանից մոտավորապես 96 կմ հեռավորության վրա և, հանրապետության վարչատարածքային բաժանման համաձայն, մտնում է Տավուշի մարզի մեջ, որտեղ Հայաստանի անտառային հարստության մեծ մասն է կենտրոնացած:

Անցնելով պատմական բուռն իրադարձությունների շրջապտույտով, որոնց պատճառով բնակավայրի սահմաններն ու տեղանունները բազմիցս փոփոխվեցին, Դիլիջանը պահպանեց իր էթնիկ մշակութային ինքնությունը՝ դառնալով ներկայիս անկախ Հայաստանի ամենահետաքրքիր և ամենախոստումնալից քաղաքներից մեկը

Սա Հայաստանի համար կարևոր պատմամշակութային, ռազմավարական ու լոգիստիկ օղակ է, որտեղ հատվում են Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի խոշորագույն քաղաքները միացնող ճանապարհները: Քաղաքի անվան ծագման մի քանի մեկնաբանություն կա: Տեղի բնակիչներին ու քաղաքի հյուրերին շատ է դուր եկել Դիլիջան անունով պատանու մասին լեգենդը. տղան սիրահարված էր իշխանի դստերը, ինչի համար պատասխան տվեց սեփական կյանքով: Աղջկա հայրը չէր կամենում դստերը կնության տալ հասարակ հովիվին և հրամայեց սպանել պատանուն:

Օրեր շարունակ մայրը փնտրում էր որդուն Դիլիջանի անտառներում և կանչում էր նրան «Դիլի ջա՛ն», «Դիլի ջա՛ն»: Բայց կա նաև քաղաքի անվան ծագման պատմական, ավելի գիտական տարբերակ, որը կապված է Դիլիջան անունով հայ իշխանի հետ (թվարկվում է XVI դարով): Տեղանվան ծագումնաբանությունը կապում են նաև XIII դարում հիշատակվող Պուճուր Դիլի (փոքր Դիլի) բնակավայրի հետ:

Դիլիջանը հանրապետության բնական ու էկոլոգիական հարստությունն է, քանի որ բոլոր կողմերից շրջապատված է Դիլիջանի ազգային պարկի (Դիլիջանյան արգելոցի) անտառներով:

Ի տարբերություն հայկական բարձր լեռնային մարզերի մեծամասնության, որտեղ գերակշռում է ցամաքային խիստ կլիմա, Դիլիջանը գտնվում է բարեխառն, մեղմ կլիմայական գոտում:

Օդի միջին ջերմաստիճանը՝ +8,3°С, հուլիսին՝ + 18 C,հունվարին՝ 0-2 C

Բնական պաշարների և բարենպաստ կլիմայական պայմանների շնորհիվ Դիլիջանը վաղուց հայտնի է որպես Հայաստանի ամենահանրաճանաչ քաղաքներից մեկը:

  • Մակերեսը՝ 43 քառակուսի կիլոմետր
  • Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100-1510
  • Հեռավորությունը Երևանից՝ մոտավորապես 96 կմ
  • Հեռավորությունը Իջևանից՝ մոտավորապես 40 կմ
  • Մշտական բնակչությունը՝ 26 455 մարդ

2016 թ. Դիլիջանի սահմաններն ընդլայնվեցին: Հայաստանի բնակավայրերի խոշորացման ծրագրի շրջանակներում Դիլիջան համայնքին են միացվել Դիլիջան քաղաքը, Թեղուտ, Գոշ, Հաղարծին, Աղավնավանք, Հովք և Խաչարձան գյուղերը:

Ինչո՞վ կզարմացնի այժմյան Դիլիջանը


Ներկայիս Դիլիջանը կուրախացնի թե՛ ակտիվ, թե՛ պասիվ հանգստի սիրահարներին: Քաղաքն ու մերձակայքը գերազանց տարբերակ են քայլարշավների, ձիով զբոսանքների համար: Այստեղ ակտիվ զարգանում է ջիպինգը (off road վարումը) և hiking-մշակույթը, կառուցվում են հատուկ արահետներ ու արշավային երթուղիներ: Իսկ քաղաքում՝ կենտրոնական այգում, գործում է Հայաստանում ամենամեծ Verev պարանայգին: Նրանց համար, ովքեր հոգնել են քաղաքի վազվզուքից և ուզում են լիարժեք լիցքաթափվել կամ բարելավել առողջությունը (ընդ որում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան), Դիլիջանն, անվերապահորեն, կատարյալ տարբերակ է: Այստեղ կարելի է զբաղվել յոգայով և մեդիտացիայով, ստեղծագործել, փորձել տեղի դեղաբույսերից պատրաստած թեյը: Լեռնային բնապատկերները, անտառները, մաքուր օդը, հարմարավետ, կոնցեպտուալ սրճարաններն ու հյուրատները կօգնեն իսկապես լիցքաթափվել ու հանգստանալ:

Վերջին տարիներին Դիլիջանում ակտիվ զարգանում է ռեստորանային բիզնեսն ու սննդի արդյունաբերությունը, աճում է տուրիստական մի շարք էջերում մեծ ճանաչում ունեցող կոնցեպտուալ սրճարանների և ռեստորանների թիվը: Դիլիջանի ռեստորաններում առաջարկում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային խոհանոցների ճաշացանկ:

Նրանք, ովքեր հոգևոր սնունդ են ուզում, կարող են հաղորդակցվել քաղաքի հազարամյա մշակութային ավանդույթներին: Դիլիջանը վաղուց է համարվել ավանդական արհեստների քաղաք. այստեղ կարելի է իսկական «վարպետների » մոտ գրանցվել արհեստավարժության դասերի: Իսկ Գավառագիտական թանգարանում – Պատկերասրահում ծանոթանալ քաղաքի պատմությանն ու Այվազովսկու, Սարյանի, Շիշկինի, Մինասի և հայտնի այլ նկարիչների կտավների հետ: Գոշ և Հաղարծին համայնքներում են գտնվում ոչ միայն մարզի, այլև Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Հաղարծին և Գոշավանք միջնադարյան վանական համալիրները:

Դիլիջանը քաղաք-հանգստավայր է, որին բնորոշ չէ մեծ քաղաքների ակտիվությունն ու փայլը, այն ունի իր՝ հանդարտ ու անկրկնելի հմայքը: Եւ, իհարկե, Դիլիջանը ոչ մի դեպքում չի համարվի գորշ, հետամնաց քաղաք, որտեղ կարելի է ձանձրանալ: UWC Dilijan միջազգային դպրոցի բացումն աշխարհի տարբեր անկյուններից երիտասարդության ներհոսք ապահովեց դեպի քաղաք, ինչը նպաստեց քաղաքի ընդհանուր ակտիվացմանը: Այստեղ գործում է Հայաստանի Կենտրոնական բանկի հետազոտական կենտրոնը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, AYB դպրոցը:

Վերջին մի քանի տարիներին Դիլիջանը բառի բուն իմաստով դարձել է ստեղծարար երիտասարդության և ստեղծագործական բիզնես-նախագծերի ձգողության կենտրոն: Քաղաքում մշտապես անցկացվում են հետաքրքիր հանդիպումներ, արհեստավարժության դասեր, միջոցառումներ, իակ վերջերս՝ մեծ փառատոններ, համերգներ:

Բայց ամենագլխավորը՝ Դիլիջանում ապրում են շատ հետաքրքիր, բարի և ստեղծագործ մարդիկ: Չէ՞ որ դեռևս Խորհրդային շրջանում Դիլիջանը համարվում էր ստեղծագործ մտավորականության քաղաք: Այստեղ հանգստանում էին համաշխարհային անուն ունեցող երաժիշտներ՝ Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատուրյանը, Բենջամին Բրիտտենը, նկարիչներ Մարտիրոս Սարյանը, Ռոքուել Քենտը և շատ ուրիշ անվանի գրողներ, ռեժիսորներներ, դերասաններ, երաժիշտներ:

Այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, որ Դիլիջանը երկրորդ շնչառություն է ստացել և կարող է դառնալ երկրի գլխավոր զբոսաշրջային կենտրոնը:


Լրացրեք ձևը